Երևանն այս աշնանը դարձյալ ֆիլմի պակաս չի ունենա։ Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան։ Մինչ մեծ էկրան բարձրանալը՝ այսօր տեղի ունեցավ փակ կինոդիտում և քննարկում հիմնական դերասանական կազմի և ռեժիսորի մասնակցությամբ։ Դերասանները մանրամասներ ներկայացրին նկարահանման հրապարակում ծագած բարդությունների, իրենց կողմից դժվար կերտվող տեսարանների և այլ հետաքրքիր դրվագների մասին։
Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի խոսքով՝ ֆիլմը ստեղծելու գաղափարը հղացել է Միացյալ Նահանգներում, ընկերոջ հետ զրույցի բռնվելու պահին և չի թաքցնում այն փաստը, որ միտքն ու ուղղությունը հենց ընկերն է թելադրել իրեն։
«Սցենարը սկսել է գրվել դեռ «Ազնիվ գողեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ և ավարտվել է 2020-ի մարտին. նկարահանումների դադարի պատճառը համաճարակն էր, որը վերսկսվել 1 տարի անց»,-նշեց ռեժիսորը։
Ֆիլմի խառնաշփոթային իրավիճակը սկսվում է, երբ մեծահարուստ մի մարդու հոգեհանգստին անսպասելիորեն հայտնվում են բոլոր այն կանայք, որոնց հետ տղամարդը սիրային հարաբերությունների մեջ է եղել։
Դերասան Արտյոմ Մարկոսյանը, ով մարմնավորել է մեծահարուստ մարդու կերպարը, խոսեց իր համար ծագած բարդությունների և դրանք հաղթահարելու մասին։ Ըստ ֆիլմի սցենարի՝ Արտյոմը նկարահանումների մեծ մասը պետք է անցկացներ դագաղում պառկած։ Դերասանը խոսեց իրավիճակի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բարդությունների մասին։
Ռեժիսորի փոխանցմամբ՝ Արտյոմը միայն նկարահանումների օրն է համարձակվել խաղաղալ իր բաժին տեսարանները։
«Ես կարծում եմ, որ այս ֆիլմը ոչ թե մահվան, այլ ապրելու մասին է, բայց, ինչպես իմ հերոսն է նշում, կարևորն այն է, որ գտնես քո միակին և երբեք բաց չթողնես»,-ընդգծեց դերասանը։
Դերասանուհի Իվետա Մուկուչյանը և Ռոմելա Սարգսյանը նույնպես խոսեցին իրենց տպավորությունների և հաղթահարած խնդիրների մասին։
«Ինձ համար ամենադժվարը ստրիպտիզ պարելու տեսարանն է եղել, անգամ այդ տեսարանի համար մոտ 2 ամիս հաճախել եմ պարի դասերի: Իհարկե, տվյալ հատվածը չկա ֆիլմի թրիլլերի մեջ, որպեսզի հենց պրեմիերային մարդիկ տեսեն կերպարի համարձակությունը»,-անկեղծացավ դերասանուհին։
Դերասան Ռաֆայել Երանոսյանը խոսեց ֆիլմից հանդիսատեսի սպասելիքների մասին՝կապված այն հարցի հետ, թե ինչ է սովորեցնելու այն իրենց երեխաներին։
«Ես կարծում եմ, որ երեխային կրթելու համար կան այլ վայրեր և միջոցներ, սա ուղղակի թեթև, հումորային ֆիլմ է, որի հիմքում ապրելու գաղափարն է»,-պարզաբանեց դերասանը։
Քննարկման վերջում ռեժիսորը նշեց, որ մոտ ապագայում նպատակ ունեն ֆիլմը ցուցադրել նաև Միացյալ Նահանգներում։
Սյուզի Դավթյան